Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այվազովսկի

Այվազովսկի
19.01.2018 | 14:11

«Գաբրիել վարդապետ Այվազյանի կազմակերպած «ճեմարանական ժողովների» նման շատ օգտակար էին նաև նրա եղբոր` նկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսները:
Աշխարհահռչակ նկարիչը սովորություն ուներ տարին մեկ-երկու անգամ ցուցահանդես կազմակերպել իր տանը, ուր և գտնվում էր նրա արվեստանոցը:


Հանդեսները կազմակերպվում էին զատկական տոներին և ամառվա սկզբներին, երբ «ճեմարանական ժողովների» անդամներս, մեր դասերից ազատ լինելով, հերթով հրավիրվում էինք նկարչի տուն, այցելուներին ընդունելու, կտավները ցույց տալու և մուտքի վճարը հավաքելու:
Ամեն այցելու պարտավոր էր 20 կոպեկ վճարել: Բայց ավելին վճարողներն էլ խիստ շատ էին, մանավանդ Ռուսաստանից ու Եվրոպայի այլևայլ քաղաքներից եկող ճամփորդները: Դրանց մեջ երբեմն շատ հայտնի մարդիկ էին լինում, որոնք նախապես այցելում էին Այվազովսկուն, ապա նրա հետ միասին շրջում ցուցահանդեսում: Այցելուների մեջ երբեմն հայտնի կանայք էլ էին լինում: Դրանց էլ սովորաբար, նկարչի բացակայության դեպքում, ուղեկցում էին նրա կինը կամ երկու աղջիկներից մեկը, որոնք իրենց մոր նման (որ ժամանակին պալատական ֆրեյլինա էր եղել) խոսում էին ամեն եվրոպական լեզվով:
Ցուցահանդեսներից գոյացած արդյունքը, որ բավական մեծ գումար էր լինում, ամբողջապես հատկացվում էր Թեոդոսիայի աղքատներին:
Ցուցահանդեսի բազմաթիվ կտավներից ամենից ավելին այցելուների ուշադրությունը գրավում էին հատկապես «Ջրհեղեղը» ու «Տիեզերքի արարումը» կամ «Քաոսը»:


Գաբրիել հայր սուրբը մեզ պատմում էր, որ մինչ այդ երկու կտավները նկարելը, եղբայրը ժամերով ուսումնասիրել է Սբ գրքի համապատասխան հատվածները բոլոր լեզուներով, երբեմն` իր թարգմանությամբ ու բացատրությամբ:
Ցուցահանդեսի համար Այվազովսկու տուն օրական 4 աշակերտ էինք հերթով գնում, ուր ամբողջ օրը մնալով` երեկոները վերադառնում էինք դպրոց: Նախաճաշը և ճաշը միասին էինք անում նկարչի և իր ընտանիքի հետ:
Հյուրերն անպակաս էին, որոնց թվում ավելի հաճախ լինում էր բժիշկ Էրգարդը, որ թե` նկարչի ընտանեկան, թե՛ մեր դպրոցի բժիշկն էր, և որը (հետո լսեցի) վերջում ամուսնացել էր նկարչի աղջիկներից մեկի հետ: Սեղանի շուրջ խոսակցությունը սովորաբար գերմաներեն էր կամ ֆրանսերեն ու ռուսերեն: Վերջին երկու լեզուները թեև հասկանում էինք, բայց նկարիչը ժամանակ առ ժամանակ մեզ հետ հայերեն էր խոսում, իհարկե` Ղրիմի բարբառով:
Ասում էին նաև, որ նկարչի և իր կնոջ հարաբերությունները լավ չեն, և թե ընտանեկան կյանքում Իվան Կոնստանտինովիչը առհասարակ շատ դժբախտ է: Այս լուրերը հաստատվեցին այն հանգամանքով, որ մի քանի տարի անց հոգելույս Գևորգ Դ կաթողիկոսը լուծեց նրանց պսակը: Եվ նկարիչը, իր աղջիկներին ամուսնացնելուց հետո, ինքը ևս ամուսնացավ տեղացի մի այրի կնոջ հետ:


Այվազովսկու բնավորության մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև շատ քիչ եմ հանդիպել ու խոսել հետը: Իսկ այն սիրալիր և խոնարհամիտ վարմունքը, որ նա առհասարակ ցույց էր տալիս մեր` աշակերտներիս նկատմամբ, իհարկե բավական չէ աշխարհահռչակ նկարչին բնորոշելու համար: Սակայն, ըստ իս, ինքնըստինքյան խիստ բնորոշ էր նրա այն փոքրիկ պատկերը, որ ինքն իր ձեռքով նկարել էր և կախել իր տան փառահեղ դահլիճի հենց ճակատապատից` ի ցույց ամեն ներս մտնողի:
Նկարը պատկերում էր մի պատանու, որ կանգնած էր Թեոդոսիա քաղաքի և զորանոցի միջև ընկած ծովափնյա բլրի վրա: Կողքին դրված մրգեղենով լի տաշտից ու կշեռքից երևում էր, որ պատանին մրգավաճառ է: Նրա աչքերն ուղղված էին դեպի խռովված ու մրրկված ծովը: Նավահանգստի նավակներն ու նավերը ծովի հորձանքից այս ու այն կողմ էին ցրվել: Հեռվում` հորիզոնի տակ, կատաղի, փրփրադեզ ալիքները, կարծես, կռիվ էին տալիս մի մեծ շոգենավի հետ:


Մրգավաճառ պատանին ծովային այդ պատկերն է նկարում… ավազի վրա, իր ձեռքի ճիպոտով:
Պատկերի տակ գրված էր` Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկի և տարեթիվը, որ հիմա մտքիցս թռել է:
Պատմում էին, որ Թեոդոսիայի քաղաքապետը, կարծեմ Կազակևիչ ազգանվամբ, մի օր զորանոցից քաղաք վերադառնալիս պատահում է ավազի վրա ծովային այս տեսարանը նկարող պատանուն, ուշադրությամբ նայում է նրա նկարը, ապա հետը քաղաք տանում, առանձին հանձնարարությամբ ուղարկում Սիմֆերոպոլի գիմնազիա, որից հետո կառավարության հաշվին ուղարկում են Պետերբուրգ։ Ահա այդպիսի բախտավոր պատահականությամբ լույս աշխարհ է գալիս համաշխարհային հռչակի արժանացած հայազգի նկարիչը:
Այվազյանի քույրը` տիկին Մազիրյանը, մի փոքրիկ ու սիրունիկ ամառանոց ուներ քաղաքից մի քանի վերստ հեռավորության վրա գտնվող այգիների մեջ:
Ամառային շոգերը սաստկանալիս` Այվազյան Գաբրիել հայր սուրբը գնում էր այնտեղ և օրերով ու շաբաթներով մնում: Մի տարի էլ նրան և դպրոցում մնացած աշակերտներին իր մոտ հյուր էր հրավիրել Իվան Կոնստանտինովիչը` Շահ-Մամայ կոչված սեփական ամառանոցում:
Մեզ և մեր անկողինների ու խոհանոցի ամենաանհրաժեշտ ամանները Շահ-Մամայ փոխադրեցին ֆուրգոններով ու միաձի կառքերով: Շահ-Մամայը մի գյուղ էր` քաղաքից բավական հեռու, և պատկանում էր նկարչին: Գյուղի մոտ էր կալվածատեր նկարչի ընդարձակ ամառանոցը` իր բոլոր հարմարություններով:


Ահավասիկ, այդ զովասուն ամառանոցում դպրոցում մնացած ավելի քան 70 աշակերտներս` մեր վերակացուներով, վայելեցինք Այվազովսկու սիրալիր և առատաձեռն հյուրասիրությունը:
Տանտերն ու իր եղբայրը` Գաբրիել հայր սուրբը, թեև առանձին էին ճաշում, բայց շատ անգամ մեր նախաճաշերի ու ճաշերի ժամանակ այցելում էին մեզ և խոսում ու երբեմն խոսեցնում:
Ճաշարանի և ննջարանի հատուկ տեղեր էին պատրաստել մեզ համար` ամառանոցի ընդարձակ գավթում:
Կերակրում էին շատ լավ, ավելի լավ, քան դպրոցում: Ասում էին, որ մեզ տված կերակուրները նույնն էին, ինչ իրենք էին ուտում:
Մահճակալների փոխարեն քնում էինք խոտե բարձերի վրա:
Առավոտյան ու երեկոյան մեր սովորական աղոթքներին միշտ ներկա էր լինում Գաբրիել հայր սուրբը: Երեկոյան աղոթքին երբեմն ներկա էր լինում ինքը` Իվան Կոնստանտինովիչն իր ամբողջ ընտանիքով:


Ի դեպ, նկարիչ Այվազովսկին բարձրահասակ, վայելչակազմ մարդ էր, լայն, դուրս ցցված ճակատով: Գագաթը` մասամբ մերկ, որ գլխի մազերով ծածկում էր: Երկայնկեկ բաքենբարդ ուներ: Մազերը բոլորովին թուխ, երեսը` թխագույն, թեթևակի ծաղկատար:
Առհասարակ սակավախոս էր: Հագուստը` շատ հասարակ:
Շատ հետաքրքիր էր Այվազովսկու արվեստանոցը պատերի ներկվածքով, տանիքում բացված փոքր ու մեծ լուսամուտներով, սանդխաձև աթոռներով, վերելակներով, բազմերանգ ներկերի պահարաններով, ամենակարճից սկսած մինչև ամենաերկար վրձիններով: Եվ արվեստանոցի մի անկյունում դրված մեծ դաշնամուրով ու նոտաների տետրակներով:
Ասում էին, որ նկարիչը շատ էր սիրում երաժշտություն: ՈՒ երբ երկար նկարելիս հոգնում էր, իսկույն ձայն էր տալիս աղջիկներին, որոնք գալիս և նվագում էին այնքան ժամանակ, մինչև նկարիչը նրանց նշան էր տալիս հեռանալու և ինքը նորից ձեռքն էր առնում վրձինը»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ